15 օգոստոսի 2009 - 15:53 AMT
Թուրքական ԶԼՄ-ները «բողոքում են» Թուրքիայի տարածքի միջոցով Հայաստանի ռուսական բազան ապահովելու դեմ
«Ռուսաստանն արդեն բազմիցս դիմել է մեզ Հայաստանում իր բազան ապահովելու առիթով, բայց մենք ամեն անգամ նշել ենք, որ Թուրքիան կարող է թույլ տալ միայն, որպեսզի Ռուսաստանը Գյումրիում գտնվող իր բազան ապահովի ոչ ռազմական նշանակության մթերքով: Բայց մենք երբեք թույլ չենք տա օգտագործել մեր տարածքը Հայաստանի սպառազինություն մատակարարելու համար»,- թուրքական «Hurriyet» թերթին է հայտարարել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզուգերգինը: Նրա խոսքով, Թուրքիայի տարածքով Հայաստանը երբեք սպառազինություն չի ստանա. «Դա հայերի ակնհայտ սադրանքն է` ուղղված նրան, որպեսզի փչացնի Թուրքիայի հարաբերությունները եղբայրական Ադրբեջանի հետ»:

Այդ միջոցին, Թուրքիայի ընդդիմական եւ անկախ ԶԼՄ-ները մեծ աղմուկ են բարձրացրել այդ հաղորդագրության պատճառով: Այդպես, նրանք գտնում են, որ Ռուսաստանն այդ զենքը Հայաստան է փոխադրում, որպեսզի օգտագործի Ադրբեջանի դեմ: «Milliyet» թերթն իր հերթին նշում է, որ Թուրքիան անմիջապես պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ բանակցություններն այդ թեմայով: «Ռուսաստանն այդ զենքը Հայաստանին կփոխանցի, եւ ան այն կօգտագործի Ադրբեջանի դեմ: Ուստի ռուսական ռազմակայանին ոչ մի օգնություն չպետք է մատուցվի», նշում են այսօրվա թերթերը:

Ավելի վաղ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին շահավետ է Ռուսաստանին: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացումը Մոսկվային ավելի շատ է հարկավոր, քանի որ նա լիարժեք հսկում է Հայաստանի էներգետիկ ոլորտը:

«Ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը որոշ ակնկալիքներ ունի Թուրքիայից»,- ասել է Գիրագոսյանը` նշելով, որ Մոսկվայի եւ Անկարայի միջեւ համապատասխան գաղտնի համաձայնություն է ստորագրվել այն մասին, որ Թուրքիան Հայաստանում Գյումրիի իր ռազմակայանը հարստացնելու համար Ռուսաստանին թույլ է տալիս օգտագործել իր օդային տարածքը: Սակայն Ռիչարդ Գիրագոսյանը չկոնկրետացրեց, թե կայանի ինչպիսի հարստացման մասին է խոսքը: