15 օգոստոսի 2009 - 18:40 AMT
Հայաստանում Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում արդեն մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկիր
Ձյուդոյի եվրոպական ֆեդերացիայի անդամ 50 երկրից 39-ն արդեն հայտ են ուղարկել Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիա` Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով, որը տեղի կունենա 2009 թվականի սեպտեմբերի 11-13-ը Երեւանում:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից, հայտերի ներկայացման վերջնական ժամկետը օգոստոսի 31-ն է: Թեեւ ներկայացված հայտերն առայժմ նախնական բնույթ ունեն, սակայն նախատեսվում է, որ մասնակից երկրների թիվը մինչեւ ժամկետի լրանալը կաճի:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականները: Վերջինս մարզիկներ կներկայացնի միայն տղամարդկանց մրցաշարում, բայց բոլոր ութ քաշային կարգերում:

Այսպիսով, տվյալ պահին, իրենց մասնակցության հայտն են ներկայացրել Ալբանիայի, Հայաստանի, Ավստրիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Բելգիայի, Բոսնիայի, Բրիտանիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի, Մոնակոյի, Չեռնոգորիայի, Հոլանդիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականները: