15 օգոստոսի 2009 - 19:45 AMT
Հայկական կայքերի վրա հաքերային հարձակումների առիթով բարձրացված իրարանցումն անհիմն է
Հայկական կայքերի վրա ադրբեջանցի հաքերների հարձակումների առիթով բարձրացած իրարանցումն անհիմն է: Նման հայտարարությամբ այսօր չդադարող հաքերային հարձակումների պայմաններում հայկական կայքերի դրությանը նվիրված մամլո ասուլիսին հանդես են եկել Helix Consulting ընկերության տնօրեն Արամ Մխիթարյանը եւ Smart Tech ընկերության տեղեկատվական անվտանգության փոխտնօրեն Ռուբեն Մուրադյանը:

Մասնավորապես, փորձագետները նշել են, որ նման հարձակումները` անգամ մեծ քանակությամբ, արձանագրվել են նաեւ նախկինում: Սակայն, անցյալ շաբաթ ինչպես պետական, այնպես էլ հասարակական եւ մասնավոր հայկական կայքերի վրա ադրբեջանական հաքերների հարձակումների կտրուկ աճ արձանագրվեց: Սակայն մասնագետները, միեւնույն է, զարմանք են արտահայտել այն փաստի առթիվ, որ անհանգստության նման ալիքը հայ հասարակությանը համակել է հենց այժմ: