17 օգոստոսի 2009 - 18:04 AMT
Ադրբեջանական տեղեկատվական հարձակումների հետ կապված դրությունն ազգային անվտանգության հարց է
Հայկական կայքերի վրա ադրբեջանցի հաքերների հարձակումների հետ կապված իրադրությունը եւ Ադրբեջանի քարոզչական գործունեությունը Հայաստանի ազգային անվտանգության հարցն են:

Նման հայտարարությամբ այսօր Երեւանում կայացած «Տեղեկատվկան անվտանգություն, արդիական խնդիրներ» թեմայով մամլո ասուլիսին հանդես են եկել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մատիրոսյանը եւ «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը:

Փորձագետները նշել են, որ ադրբեջանական քարոզչական գործունեությունն արդեն քաղում է իր բերքը. ինչպես նշել է Էդուարդ Աբրահամյանը, հայտնի են դեպքեր, երբ ադրբեջանցի մեծահարուստները գնել են թերթեր, այդ թվում` հեղինակավոր, որպեսզի դրանց օգնությամբ ադրբեջանամետ քարոզչություն վարեն: նման դեպքերը տեղի ունեն ոչ միայն Ռուսաստանում, այլ ողջ աշխարհում, եւ այդ երեւույթը հղի է նրանով, որ Հայաստանի ու հայերի մասին բացասական կարծիք է ձեւավորվում:

Հայաստանում, փորձագետների կարծիքով, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն նման փաստերի վրա եւ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկեն դրանք կանխարգելելու համար, քանի որ մեր երկիրը «ջախջախիչ պարտություն է կրում տեղեկատվական պատերազմում»: