18 օգոստոսի 2009 - 12:48 AMT
Հայաստանն ԱՊՀ-ում երկրորդ տեղն է զբաղեցնում ՀՆԱ-ի անկմամբ եւ սպառողական գների աճմամբ
2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել ԱՊՀ-ում` ՀՆԱ-ի անկմամբ եւ սպառողական գների աճմամբ: Հայաստանում տնտեսական աճը կրճատվել է 16,3 տոկոսով: ՀՆԱ-ի ամենաուժ անկումն արձանագրվել է Ուկրաինայում` 20,3 տոկոս, երրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանը` 13,4 տոկոս:

ՀՆԱ-ն անկում է ապրել ԱՊՀ երկրներից մեծամասում: Մոլդովայում այն կրճատվել է 6,9 տոկոսով, Վրաստանում`5,9, Ղազախստանում` 4,1 տոկոսով: Տնտեսական աճ առաջին կիսամյակում նկատվել է Ուզբեկստանում` 8,2, Ադրբեջանում ` 3,6, ինչպես նաեւ Ղրղզստանում` 0,3-ական տոկոս:

Ընդ որում, արդյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է բոլոր երկրներում, բացի Ադրբեջանից եւ Ուզբեկստանից: Առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրությունն ամենամեծ չափով կրճատվել է Ուկրաինայում` 31,1 տոկոս: Ռուսաստանում այն անկում է ապրել 14,8 տոկոսով:

Ուկրաինան նաեւ առաջատար է սպառողական գների աճի տեմպերով, որոնք կիսամյակի ընթացքում կազմել են 17,6 տոկոս` տարեկան հաշվարկմամբ: Երկրորդ տեղը զբաղեցրել է Բելառուսը` 14,6 տոկոս: Ռուսաստանը զբաղեցրել է երրորդ տեղը` 13,1 տոկոս, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ԱՊՀ վիճակագրական կոմիտեի մամլո հաղորդագրությունը: