18 օգոստոսի 2009 - 19:47 AMT
Ադրբեջանին Երեւանում մարզիկների բնակվելու վայրի հետ կապված երաշխիքներ են հարկավոր
Ադրբեջանում դեռեւս քննարկվում է իրենց ձյուդոյի երիտասարդական հավաքականի` 2009թ. սեպտեմբերի 11-13 Երեւանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հարցը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը մասնակցության նախնական հայտ է ներկայացնել, որի համաձայն Երեւան է ժամանելու 14 հոգուց բաղկացած պատվիրակություն:

Այդ առիթով Ադրբեջանի Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության մամլո ծառայության ղեկավար Սամայա Մամեդովան հայտնել է, որ Ադրբեջանի հավաքականի` Երեւան մեկնելու հարցը կլուծվի հաջորդ շաբաթ:

«Ներկա պահին նախարարությունը քննարկումներ է անցկացնում ձյուդոյի Եվրոպայի առաջնության շուրջ: Մենք անհանգստացած ենք երաշխիքների պատճառով` կապված առաջնության ընթացքում մեր մարզիկների բնակվելու վայրի եւ այլ առօրյա կարիքների հետ: Ամեն դեպքում շաբաթվա ընթացքում Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը կհաղորդի իր վերջնական որոշումը»,- Մամեդովայի խոսքն է մեջբերում ԱՊԱ-Սպորտը:

Նշենք, որ ի տարբերություն ադրբեջանցի մարզիկների, ովքեր ոչ մի անգամ չեն մասնակցել Հայաստանում կազմակերպված մրցություններին, հայ մարտիկները 2007թ. մասնակցել են Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: