19 օգոստոսի 2009 - 15:46 AMT
Ո՞վ առաջինը կհրաժարվի Մադրիդյան սկզբունքներից` Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին խոսակցությունները մոտակա շաբաթների ընթացքում հիմնված են միայն զանազան ենթադրությունների վրա, քանի որ կոնկրետ տեղեկություններ չկան այն մասին, թե մեզ ինչ է սպասվում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության քաղաքական հարցերով Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ցանկանում են, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը մինչեւ հոկտեմբերի 14-ը համաձայնեն սկզբունքների հետ: Նորացված սկզբունքներ առայժմ չկան, դրանք կողմերին կներկայացվեն սեպտեմբերի վերջին:

«Միջնորդ երկրները սպասում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավանություն տան հիմնական սկզբունքներին եւ դրական պատասխան տան, սակայն կողմերից եւ ոչ մեկին այդ սկզբունքները ձեռնտու չեն: Ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն չեն ցանկանում համաձայնել Մադրիդյան սկզբունքներին, պարզապես ոչ ոք չի ցանկանում արտասանել «ոչ» բառը, քանի որ դա կընդունվի որպես հաշտության գնալու` երկրի չկամություն»,- ասել է Կիրո Մանոյանը:

Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը երբեք պաշտոնապես չի հայտարարել, որ իրեն ձեռնտու են այդ սկզբունքները եւ որ ինքը համաձայն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին Ադրբեջանի կազմից դուրս:

«Ինչու հենց հոկտեմբերի 14-ը՞: Որովհետեւ միջնորդ երկրները ցանկանում են բավարարել Թուրքիայի պահանջները, որը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, մինչեւ որ չկարվավորվի ղարաբաղյան հակամարտությունը»,- նշել է նա` ավելացնելով, որ հենց դա էլ պատճառն է այն բանի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի գրանցվում:

Սերժ Սարգսյանը Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ համատեղ մամլո ասուլիսին Երեւանում հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը դիտելու համար Թուրքիա կմեկնի միայն եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ էլ կողմերը Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին լինեն:

ԱԱ 2010 նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթուրքի անվան մարզադաշտում: