19 օգոստոսի 2009 - 19:15 AMT
Մարիամ Սուխուդյանը ցուցմունք չի տա, մինչեւ չտեղեկանա գործի վերաբերյալ նյութերին
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Էկոլուր» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, Երիտասարդական «կանաչ» շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, իր փաստաբանի հետ եւ գործի վերաբերյալ նյութերին մասնակիորեն ծանոթանալուց հետո ժամը 17:20 րոպեին լքել է ՀՀ ոստիկանության ՔԳ վարչության Էրեբունու քննչական բաժինը:
Ինչպես հաղորդել է Ինգա Զարաֆյանը, Մարիամ Սուխուդյանը հրաժարվել է որեւէ ցուցմունք տալուց, քանի դեռ ամբողջությամբ չի ծանոթացել տվյալ գործի վերաբերյալ նյութերին:
Օգոստոսի 13-ին Մարիամ Սուխուդյանը ծանուցագիր էր ստացել, որտեղ նրան օգոստոսի 15-ին հարցաքննության էին կանչում որպես մեղադրյալ: Ծանուցագրում նշված էր ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասը` զրպարտություն: Սակայն Օգոստոսի 15-ին նրան հայտարարեցին, որ նա մեղադրվում է մեկ այլ հոդվածով` ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասի երրորդ կետով (կեղծ մատնություն` շահի հետապնդմամբ ծանրացված): Նշենք, որ նման մեղադրանքն առավել ծանր պատիժ է ենթադրում` ազատազրկման ժամկետը մինչեւ 5 տարի:
Քրեական գործը հարուցվել էր 2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվող «Հայլուր» հեռուստատեսային հաղորդման հետքերով, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին, - նշվում է «Էկոլուր» էկոլոգիական հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Մարիամ Սուխուդյանն ինքը գտնում է, որ իրեն հետապնդում են Թեղուտի անտառի պաշտպանությանն ուղղված «S.O.S Թեղուտ» գործողությանը մասնակցելու պատճառով: