20 օգոստոսի 2009 - 13:41 AMT
«Ուրալյան ավիաուղիները» Երեւանը կկապեն Սամարայի հետ
Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվացուցակում նոր չվերթ է հայտնվել: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեց «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության մամլո քարտուղար Ելենա Սպիրիդովիչը, 2009 թվականի օգոստոսի 24-ից սկսվում են «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության թռիչքները Հայաստանի մայրաքաղաքից դեպի Սամար եւ հակառակ ուղղությամբ:

Չվերթը կիրականացվի շաբաթը մեկ անգամ` երկուշաբթի օրերին:

«Թռիչքների ընդլայնումը հնարավոր է դարձել նոր տեխնիկայի գնմամբ, - հայտարարել է «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության առեւտրային տնօրեն Կիրիլ Սկուրատովը: - Մենք ակտիվորեն համալրում ենք մեր տեխնիկան` լիզինգով ձեռքբերելով A320 եւ A321 օդանավերը: Եվ հենց A320 օդանավերը թռիչքներ կկատարեն նոր ուղղություններով»:

Բացի Սամարայից, ավիաընկերությունն արդեն երկար տարիներ առաջատար փոխադրող ընկերություն է Երեւան-Եկատերինբուրգ ուղղությամբ: Ինչպես եւ դեպի Սամար, դեպի Եկատերինբուրգ չվերթը իրականացվում է շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրերին: