20 օգոստոսի 2009 - 13:53 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է «Ամառային ներշնչանք» նախագիծը
Օգոստոսի 19-ին Բջջային ծառայությունների հայկական օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարել է Հայաստանի մարզերում գործող Մշակույթի տների եւ գեղագիտական դպրոցների աշակերտների համար «Ամառային ներշնչանք» նախագծի մեկնարկի մասին4: ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ գործարկվող նախագծի շրջանակներում նշված կրթական հաստատություններում կանցկացվի ներքին մրցույթների շարք:
«Ամառային ներշնչանք» նախագծի նպատակը` Հայաստանի շրջաններում երեխաների ստեղծագործական տաղանդը բացահայտելն է եւ զարգացնելը: Երեխաների աշխատանքների գնահատման չափանիշներ են ընտրված յուրօրինակությունը, վառ արտահայտչականությունը եւ մշակութային առանձնահատկությունների արտահայտումն աշխատանքներում: Մասնակցող աշխատանքները ներկայացված են տարբեր ոճերում` ազգագրական պարեր, երգեցողություն, նկարչություն, ասեղնագործություն, դրամատիկ արվեստ, արհեստներ եւ լուսանկարչություն:
Յուրաքանչյուր Մշակույթի տան/դպրոցի հաղթողն ընտրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից, իսկ ընկերության մրցանակը հանձնվում է ոչ թե անհատ հաղթողների, այլ` կրթական հաստատությանը: Սրա հիմքում ընկած է ընդհանուր նպատակներին հասնելու գործում անհատական ներդրման եւ սեփական տաղանդների` հանուն հարազատ կրթօջախի զարգացման կիրառելու գաղափարի խրախուսումը:
«Այս տարվա սկզբին մեկնարկած «ՎիվաՍել-ՄՏՍ-ը` երեխաներին» նախաձեռնությունը այսօր նոր շունչ է հաղորդում մեր մարզերին «Ամառային ներշրչանքի» ներքո: Մեր երեխաները բազմակողմանի տաղանդավոր են, եւ մեր պարտքն է բացահայտել եւ նպաստել նրանց բազմակողմանի զարգացմանը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: