20 օգոստոսի 2009 - 19:15 AMT
Մոսկվայում բացվել է «Ազգային գենի տեստ: Ցիտատներ» ցուցահանդեսը
Օրերս Մոսկվայում բացվել է «Ազգային գենի տեստ: Ցիտատներ» միջազգային ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Netին հաղորդել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի` ՀՀՄՀ մամլո քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, այդ նախագիծը հաշվով արդեն երրորդն է «Մեկ վեցերորդ պլյուս» ծրագրի շրջանակներում, որը կազմակերպվում է Ռուսաստանի Նկարիչների ստեղծագործական միության կողմից` ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Ցուցահանդեսին ներկայացված են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Թաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի նկարիչների լուսանկարներն ու ֆիլմերը: Հայաստանի կողմից ցուցահանդեսին մասնակցում են լուսանկարիչ Արթուր Բարսեղյանն (Delusional Insanity) ու ռեժիսոր Մարիամ Օհանյանը:

Ցուցահանդեսի նպատակն է` փաստագրական կինոյում եւ հեղինակային լուսանկարում արձանագրված տարածա-ժամանակային կերպաների առանձին օրինակներով ճանաչել ազգային դպրոցների տարբերությունները կամ ձեւական առանձնահատկությունները:

«Հյուսիսում ծնված մարդը տաբերվելու է հարավի ծնունդից: Դեռ մանկուց նրանց աչքերը տարբեր բնություն են տեսնում, նրանց համար արեւը տարբեր կերպ է շողում, նրանք տարբեր լեզուների խոսք են լսում, անգամ արյան ջերմաստիճանը նույնը չէ: Այդ ամենը ձեւավորում է մի հայացք, որն այդ մարդու մեջ մնում է ամբողջ կյանքում, անկախ այն բանից, թե որտեղ է նա բնակվելու»,- պատմել է ցուցահանդեսի կազմակերպիչ Օլեգ Արնաուտովը:

Անխոս, մի կողմից ինչի մասին էլ որ «խոսի» հեղինակը, էությունը տեղավորվում է համամարդկային արժեքների շրջանակների մեջ եւ կարող է «ճանաչվել» որպես ամենքի ընդհանրությունը բոլորի հետ, մյուս կողմից բնույթը, «արյան ջերմաստիճանը», պատկանելությունը դպրոցին պետք է նկատվի հորինվածքի կառուցման, ռիթմի մեջ, որոշակի տեսողական լեզվին ձգտելու մեջ, անգամ, չնայած արձանագրված կերպարների ձեւական «օբյեկտիվությանը»:

Նախագիծը մեր երկրներում բնակվող մարդկանց ընկալման խնդրի նկարչական հետազոտություն է` կապված հետխորհրդային տարածքում գոյություն ունեցող պետությունների ինքնարտահայտման եւ ազգային հայտանիշով տարածքային բաժանման միտման հետ:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ օգոստոսի 30-ը: