20 օգոստոսի 2009 - 20:25 AMT
Մեղրու ՀԷԿ կառուցումը հայ-իրանական սահմանին տեղափոխվել է մինչեւ 2010-2015թթ.
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Գործադիրը փոփոխություն է կատարել «ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ վարչապետի ելույթից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման մեջ, մասնավորապես, որոշման հավելվածի «Ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր էներգետիկ նախագծերի իրականացում» բաժինը շարադրվել է նոր խմբագրությամբ. ներառվել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը, որ նախատեսվում է իրականացնել 2010-2015 թվականների ընթացքում:
Ինչպես հաղորդել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, փոփոխության անհրաժեշտությունն առաջացել է ՀՀ նախագահի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի ընթացքում երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջեւ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման կապակցությամբ:
Հայաստանն ու Իրանը ծրագրում են սահմանամերձ գոտում` Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ, որոնցից մեկը կգտնվի հայկական կողմում` Մեղրիում, մյուսը իրանական կողմում` Կարաչիլարում: Կայաններից յուրաքանչյուրի նախագծային հզորությունը տարեկան 800 մլն կՎտ է, ինչը նրանց դարձնում է Հարավային Կովկասի ամենահզոր ՀԷԿ-երը: