24 օգոստոսի 2009 - 21:18 AMT
Հայ զինծառայողները կինտեգրվեն Աֆղանստանում գտնվող միջազգային ուժերի մեջ
Օգոստոսի 21-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպել է Դաշինքի նորանշանակ գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին: Պաշտոնի ստանձնման կապակցությամբ Սամվել Մկրտչյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել Հայաստանի նախագահի, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի շնորհավորանքները:

Դեսպան Մկորտչյանը նշել է, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ, եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը կծառայեցվի այդ նպատակին: Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարեւորում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղպահ գործողություններին. առաջիկայում հայ զինվորականները կներգրավվեն նաեւ Աֆղանստանի Անվտանգության աջակցության միջազգային ուժերին:

ՆԱՏՕ-ի Գլխավորքարտուղարը դրական է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը` գործող ձեւաչափերի շրջանակներում: Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարեւորել է Դաշինքի կողմից ղեկավարվող գործողություններին Հայաստանի մասնակցությունը եւ ընդգծել, որ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցությունը շարունակելու է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: