25 օգոստոսի 2009 - 15:40 AMT
Չնայած ճգնաժամին ոչ մի հայկական բանկ չի սնանկացել
Որպեսզի բարձրանա վստահությունը հայկական դրամի նկատմամբ, անհրաժեշտ է, որ Հայաստանի բնակչությունը վստահի իր կառավարությանը, Կենտրոնական բանկին եւ կոմերցիոն բանկերին: Այսպիսի լավատեսական կարծիքով PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ կիսվեց Հայաստանի բանկերի Միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը : «Եթե մեր բնակչությունը չվստահի դրամին, ապա չի բացառվում այն հավանականությունը, որ ֆիզիկական անձանց ներդրումները կիրագործվեն միայն տարադրամով»,- նշեց նա:

Ինչպես հայտնի է, մարտ ամսվա դրամի արժեզրկումը հանգեցրեց ազգային արժույթով եւ տարադրամով, մասնավորապես ԱՄՆ դոլարով ավանդների մասնաբաժնի զգալի փոփոխությանը` ի օգուտ տարադրամով ավանդների: Մարտի 3-ից հետո, երբ Հայաստանի Կենտրոնական բանկը վերադարձավ լողացող դրամի փոխարժեքի քաղաքականությանը, ներդրողները վերաձեւակերպեցին իրենց ավանդները` կորցնելով իրենց վստահությունը դրամի նկատմամբ:

Սողոմոնյանը ավելացրեց նաեւ, որ եթե դիտարկենք միջազգային փորձը ճգնաժամային պայմաններում, շատ երկրների բանկեր սնանկացան, ինչը, սակայն, տեղի չունեցավ ոչ մի հայկական բանկի հետ: «Հայաստանի ոչ մի բանկ չսնանկացավ, չնայած, որ մեծ վնասներ կրեց»,- ասաց նա:

Հայաստանի բանկերի Միության նախագահի խոսքով, դեռ չեն սպասվում էական փոփոխություններ ի օգուտ դրամով ավանդների: Նա հավաստիացրեց, որ «մարտի 3-ը» այլեւս չի կրկնվի եւ «լավ կլինի, որ մեր բնակչությունն իր ավանդները դրամով պահի, քանի որ դրանց տոկոսադրույքն ավելի բարձր է»:

Հայաստանի Կենտրոնական Խորհուրդը մարտի 3-ին վերադարձավ լողացող դրամի քաղաքականությանը: Կենտրոնական Բանկի մասնագետների գնահատմամբ, 2009թ միջին փոխարժեքը սպասվում է 360-380 դրամի շրջանակներում 1 ԱՄՆ դոլարի համար: Արդյունքում, մարտի 3-ի օրվա ընթացքում դոլարի արժույթը 305-308 դրամից բարձրացավ մինչեւ 380-400 դրամ 1 դոլարի համար: