26 օգոստոսի 2009 - 20:18 AMT
Հայաստանի հասարակական կազմակերպությունները դատապարտում են երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանի հետապնդումը
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել երիտասարդ բնապահպան Մարիամ Սուխուդյանի նկատմամբ կիրառվող իրավական կամայականությունը:

Նամակում, որի տակ ստորագրել են Հայաստանի 15 ոչ կառավարական կազմակերպություններ, ասվում է հետեւյալը. «Մարիամ Սուխուդյանի դեմ սանձազերծվածը գնահատում ենք, որպես քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող անձանց լռեցնելու փորձ, որը վերջերս դրսեւորվում է քրեական հետապնդումների ձեւով: Այդ շարքում են ընտրակեղծիքների դեմ բողոքող դիտորդի եւ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդի ձերբակալությունը, քաղաքական այլախոհություն պաշտպանել հանդգնող փաստաբաններին ներկայացվող մեղադրանքները եւ ընդդիմադիր լրագրողների նկատմամբ կիրառվող հետապնդումները»:

Նամակի հեղինակները պահանջում են անհապաղ դադարեցնել Մարիամ Սուխուդյանի նկատմամբ ծավալված հետապնդումները, ապահովել քննության անկողմնակալություն եւ պատասխանատվության ենթարկել իրական հանցագործներին, վերջ դնել մեր երկրում այլախոհների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաներին:
Քրեական գործը հարուցվել էր 2008թ. նոյեմբերի 13-ին, Հանրային հեռուստատեսության առաջին ալիքով հեռարձակվող «Հայլուր» հեռուստատեսային հաղորդման հետքերով, որտեղ Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի սանուհիներից մեկը պատմում էր ուսուցչի կողմից կատարված սեռական բնույթի ոտնձգությունների մասին, - նշվում է «Էկոլուր» էկոլոգիական հասարակական կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ: Մարիամ Սուխուդյանն ինքը գտնում է, որ իրեն հետապնդում են Թեղուտի անտառի պաշտպանությանն ուղղված «S.O.S Թեղուտ» գործողությանը մասնակցելու պատճառով:

Սկզբում Մարիամ Սուխուդյանին մեղադրում էին ՀՀ Քրեական օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասով` զրպարտություն: Սակայն Օգոստոսի 15-ին Էրեբունու քննչական բաժինը նոր մեղադրանք էր ներկայացրել` կեղծ մատնություն` շահի հետապնդմամբ ծանրացված: Տվյալ մեղադրանքն առավել ծանր պատիժ է ենթադրում` ազատազրկման ժամկետը մինչեւ 5 տարի: