27 օգոստոսի 2009 - 13:11 AMT
Հայաստանի վարչապետը մասնակցել է Դիլիջանի դպրոցի նոր մասնաշենքի բացման արարողությանը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Դիլիջան, որտեղ բացել է Դիլիջան քաղաքի թիվ 4 դպրոցի նորակառույց 2-րդ մասնաշենքը, հաղորդում է կառավարության լրատվական ծառայությունը:

Դպրոցական մասնաշենքի հիմնանորոգման եւ բարեկարգման շինարարական աշխատանքներն իրականացրել է «Դիլիջանշին» ԲԲԸ-ն: Մասնաշենքը նախատեսված է 250 աշակերտական տեղի համար:

Կարեւորելով դպրոցաշինությանն ուղղված պետական աջակցությունը` ՀՀ վարչապետը խոստացել է այսուհետ նույնպես կրթության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պահել կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ գործադիրի ղեկավարն այցելել է քաղաքի հիմնանորոգվող գրադարան ու թիվ 1 ավագ դպրոց, այցելել է համայնքի միջոցներով կառուցված ամֆիթատրոն, ինչպես նաեւ եղել է համայնքի միջոցներով կառուցվող պատկերասրահ թանգարանում ու «Թուֆենկյան» համալիրում եւ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին: