27 օգոստոսի 2009 - 17:35 AMT
Արդյո՞ք Թուրքական լոբբին կաշառել է ամերիկացի դատավորներին
Թուրքական լոբբին անմիջականորեն կապված չէ Դաշնային վերաքննիչ դատարնի կողմից որոշման կայացմանը, համաձայն որի, Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելվում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, սակայն չի բացառվում, որ թուրքական շրջանակները կարող էին կաշառել կամ սպառնալ դատավորներին: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ Դատի քաղաքական հարցերով կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 2008 թվականին ԱՄՆ-ում Թուրքիայի դեպանությունը դիմել էր դատավորներին եւ նրանց կոչ արել Կալիֆորնիա նահանգի օրենքը, որը Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին թույլ է տալիս ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնել, հակասահմանադրական ճանաչել: Այդ գործը վարող բոլոր երեք դատավորներն էլ հայտարարել են, որ ուշադրություն չեն դարձրել Թուրքիայի դեսպանության այդ կոչի վրա, եւ որ այն չի ազդել իրենց որոշման վրա: Սակայն դժվար է ասել, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Մանոյանը:

Հայ Դատի ղեկավարի խոսքերով, ամերիկյան դատարանի այդ որոշումը կապված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ, այնքանով, որքանով «ճանապարհայի քարտեզի» մասին հայտարարությունն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համար առիթ էր հանդիսացել ապրիլի 24-ին Ամերիկայի հայկական համայնքին հղված ուղերձում չարտասանելու «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Եթե Ամերիկայի նախագահը կատարեր իր խոստումն ու արտասաներ «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը, ապա այսօր ԱՄՆ-ում այդպիսի որոշում չէր կայացվի», -նշել է Մանոյանը: Նա ավելացրել է, որ կարելի է մի քանի իրավական քայլեր ձեռնարկել եւ այդ որոշումը չեղյալ հայտարարել:

«Նախ եւ առաջ, կարելի է պահանջել ավելացնել դատավորների թիվը եւ այդ ժամանակ վերաքննել գործը` չբավարարվելով միայն երեք դատավորի որոշմամբ: Այնուհետեւ, պահանջել, որպեսզի վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը նախադեպ չհանդիսանա ԱՄՆ այլ նահանգների դատարանների համար», - հայտարարել է Հայ Դատի ղեկավարը: Նրա խոսքերով, եթե այդ քայլերը հաջողությամբ չպսակվեն, ապա, վերջ ի վերջո, կարելի է դիմել ԱՄՆ-ի Սահմանադրական դատարան, սակայն այս դեպքում էլ մեծ չէ այն բանի հավանականությունը, որ գործը կվերաքննվի: «Կարելի է փորձել հարցը լուծել քաղաքական ճանապարհով: Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն արդեն նամակ է հղել ԱՄՆ նախագահին եւ Սպիտակ Տնից պահանջել հաստատել այն պարագան, որ, չնայած նրան, որ Վաշինգտոնը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այդ հանգամանքը չի խանգարում Ամերիկայի առանձին նահանգների դա անել», - հայտարարել է Կիրո Մանոյանը:

Օգոստոսի 20-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: