27 օգոստոսի 2009 - 18:59 AMT
Անկարան սառեցրել է Հայաստանի հետ բանակցությունները, սակայն Երեւանը ոչ մի կերպ չի արձագանքում դրան
ՀՅԴ կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան դադարեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները, եւ Երեւանը պետք է այդ մասին հայտարարի միջազգային հանրությանը: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Անկարան այնպիսի տպավորություն է ստեղծում, թե Երեւանի հետ բանակցային գործընթացը շարունակվում է: Իրականում գործընթացը սառեցված է: Մենք մեր հերթին չենք արձագանքում դրան եւ թույլ ենք տալիս, որպեսզի միջազգային խաղացողները շարունակեն ճնշում գործադրել Հայաստանի վրա եւ պահանջել, որպեսզի մենք զիջումների գնանք»,- ասել է Հայ Դատի նախագահը: Կիրո Մանոյանը նման ճնշման օրինակ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի` աշնանը սպասվող այցը տարածաշրջան, որը, նրա խոսքով, նպատակ է հետապնդում Երեւանին ու Բաքվին պարտադրել ընդունելու Մադրիդյան սկզբունքները: