28 օգոստոսի 2009 - 15:17 AMT
Ամերիկյան դատարանը սխալ է ներկայացնում Վաշինգտոնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Դեռեւս վաղ է խոսել այն մասին, թե ինչպես կարող է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ հայց ներկայացնելն արգելող` ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանի որոշումն ազդել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի եւ Կոնգրեսում համապատասխան բանաձեւի ընդունման վրա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:

«Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել 30 օրվա ընթացքում, ու քանի դեռ այդ գործընթացն ամբողջությամբ լուծված չէ, հնարավոր հետեւանքների մասին խոսելը վաղ է: Սակայն ես վստահ եմ, որ ամերիկյան դատարանի տվյալ որոշումը մեկ քայլ հետ կլինի աշխարհում ցեղասպանությունների կանխման ու դատապարտման ճանապարհին»,- նկատել է ԱՀՀ տարածաշրջանային տնօրենը:

Նա հաղորդել է, որ Համագումարը պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նամակ հղել, որում նրանցի կպահանջի հայտարարել, որ բողոքարկման դաշնային դատարանը սխալ է ներկայացնում Վաշինգտոնի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Օգոստոսի 20-ին ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել, որը Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին արգելում է հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ` չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով, քանի որ ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: