28 օգոստոսի 2009 - 18:26 AMT
Սեպտեմբերի 4-ին Սոչիում կկայանա «Հայկական ռապսոդիա» համերգը
Սեպտեմբերի 4-ին, Սոչիի Կամերային երաժշտության եւ երգեհոնային համերգասրահում, կկայանա Հայկական ռապսոդիա համերգը: Ծրագրում` հայկական ժողովրդական երգեր Կոմիտասի մշակմամբ, Ա. Տիգրանյանի, Ա. Սպենդիարովի, Է. Միրզոյանի դաշնամուրային եւ ձայնային ստեղծագործություններ. Այս մասին հայտնեցին Սոչիի մշակութային վարչության մամլո ծառայությունում: Գլխավոր ստեղծագործությունը, որը եւ անվանում տվեց համերգին, կլինի` Ա. Հարությունյանի եւ Ա. Բաբաջանյանի «Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրների համար, հաղորդել է Analitika.at.ua:

Սոչիի քաղաքապետարանի սիմֆոնիկ նվագախումբը կկատարի սյուիտը «Գայանե» բալետից եւ Ա. Խաչատուրյանի «Դիմակահանդես»» բալետի համար գրված երաժշտությունը Ռուսաստանի կառավարության մրցանակի դափնեկիր, դերիժոր` Օլեգ Սոլդատովի ղեկավարությամբ: Կհնչի նաեւ Առնո Բաբաջանյանի հանրահայտ «Նոկտյուռնը» դաշնամուրի եւ նվագախմբի համար:

Համերգում ելույթ կունենան մենակատարներ` Լիանա Մսրլյանը (սոպրանո), Սուրեն Վարդանյանը (դաշնամուր), Հայաստանի վաստակավոր դերասան Գեղամ Գրիգորյանը (դուդուկ), Լարիսա Շկարուբսկայան (թավջութակ), Մաթեւոս Մալխասյանը (տենոր), Ռուսաստանի եւ միջազգայւն մրցույթների դիպլոմների արժանացած Վալերիա Անֆինոգենովան (դաշնամուր):