29 օգոստոսի 2009 - 18:28 AMT
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանները պատրաստ են առավել սերտ համագործակցության
Օգոստոսի 26-28-ը տեղի է ունեցել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այցի ընթացքում հանդիպումներ են կայացել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի, ինչպես նաեւ Լեռային Ղարաբաղի խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հետ: Այցի նպատակը միջազգային կառույցներում Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրը ներկայացնելուն ուղղված առավել գործուն մեխանիզմների համատեղ մշակումն ու քննարկումն է եղել, ինչպես նաեւ` միջազգային կառույցներում ԼՂՀ ժողովրդի իրավունքի հարցերի առավել ընդգրկուն ներկայացումը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են խնդիրներ, որոնք կօգնեն էլ ավելի արդյունավետ դարձնել միջազգային կառույցներում, որտեղ ներկայացված է Հայաստանը, ԼՂՀ ճանաչման գործընթացը առավել կազմակերպված տանել, ինչպես նաեւ ԼՂ հիմնախնդիրն իր բոլոր ասպեկտներով ներկայացնելու հարցերը: Քննարկվել են նաեւ միջազգային կառույցներում արցախյան հիմնախնդրի ներկայացման շուրջ հայկական եւ ղարաբաղյան կողմերի միջեւ առավել համակարգված աշխատանքի հետ կապված խնդիրներ:

Տիկին Զոհրաբյանը ԼՂՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս խորհրդարանում ստեղծվելու է միջազգային կառույցներում ներկայացված ՀՀ ԱԺ պատվիրակությունների համակարգող մարմին, որի աշխատանքներին մասնակցելու համար պարբերաբար կհրավիրվեն ԼՂՀ ներկայացուցիչները` արցախյան հիմնախնդրի հետ կապված` միջազգային կառույցներում հնչեցվելիք դիրքորոշումների քննարկման համար:

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհարբյանի հանդիպման ընթացքում քննարկվել են խորհրդարանական դիվանագիտության ակտիվացման հետ կապված մի շարք հարցեր: Կողմերը ընդգծել են, որ խորհրդարանական դիվանագիտության հարթության մեջ դեռեւս չօգտագործված ներուժ կա, որը պետք է կարողանալ գործադրել ճիշտ եւ համակարգված: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու խորհրդարանները չպետք է բավարարվեն միայն միջխորհրդարանական հանձնաժողովների միջեւ տեղի ունեցող նիստերով, այլ խորհրդարանների միջեւ աշխատանքը պետք է լինի շատ ավելի ակտիվ եւ պարբերական` մշտապես փոխանակելով անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաեւ համատեղ մշակելով միջազգային կառույցներում ներկայացվելիք այն հարցերը, որոնք առնչվում են ԼՂ հիմնահարցին:

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հակամարտության ներկայիս ընթացքն ու բանակցային գործընթացի ներկա փուլը, հաղորդում է ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունը: