30 օգոստոսի 2009 - 21:46 AMT
ԱՄՆ-ն այլընտրանքային տարբերակներ է որոնում Եվրոպայում ՀՀՊ-ի տեղակայման համար
Փորձագետների խումբը ամերիկյան վարչակազմի հանձնարարությամբ այլընտրանքային տարբերակներ է որոնում Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի` ՀՀՊ-ի տեղակայման համար: Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, հղում անելով իր աղբյուրներին կառավարությունում, մասնագետները պետք է կոնկրետ խորհուրդներ ներկայացնեն այս հարցի վերաբերյալ սեպտեմբերի առաջին շաբաթից ոչ ուշ: Ըստ պարբերականի, ժամկետները պատահական չեն ընտրվել` ՀՀՊ-ի այլընտրանքային տարբերակները պետք է պատրաստ լինեն մինչեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հնարավոր հանդիպումը` Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում:

Վաշինգտոնի ռազմավարության փոփոխությունը չի բացատրվում Մոսկվային ընդառաջ գնալու ցանկությամբ: Խոսքը հիմնականում այն մասին է, որ Օբամայի վարչակազմն մի փոքր այլ կերպ է գնահատում Իրանից բխող սպառնալիքը, քան նրա նախորդ նախագահ Բուշի խորհրդականները: Որոշ տվյալներով, այժմ մասնագետները դիտարկում են ՀՀՊ տարրերի տեղակայման հնարավորությունը ռազմական նավերի վրա, Թուրքիայում, Իսրայելում եւ Բալկաններում:

Նախօրեին լեհական Gazeta Wyborsza-ն, հղում անելով չնշված ամերիկյան աղբյուրների վրա, հաղորդել է, որ Վաշինգտոնը կարող է հրաժարվել Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ տարրերի տեղակայման մտադրությունից: Սակայն ավելի ուշ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը հերքել է նման հաղորդագրությունները` ընգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: