31 օգոստոսի 2009 - 14:01 AMT
Հայաստանը պետք է նայի դեպի ապագան, սակայն նա իրավունք չունի մոռանալ անցյալը
Հայաստանը չի դիտարկում Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես նախապայման Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: Այդ մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Անշուշտ, դա շատ կարեւոր է: Կարեւոր է մեր ժողովրդի համար, կարեւոր է Թուրքիայի համար, կարեւոր է ողջ աշխարհի համար: Կարեւոր է, որ պատմական արդարությունը վերականգնվի: Կարեւոր է, որպեսզի մեր ժողովրդները կարողանան նորմալ փոխհարաբերություններ հաստատել: Վերջապես, կարեւոր է, որ ապագայում դա չկրկնվի»,-նշել է ՀՀ նախագահը: Միեւնույն ժամանակ Ս.Սարգսյանն ընդգծել է, որ այս հարցը այն դեպքը չէ, երբ կարելի է խոսել փոխզիջման մասին:

«Մենք ասում ենք` այո, Ցեղասպանություն է իրագործվել, եւ անկախ նրանից, կճանաչի դա այսօր Թուրքիան թե ոչ, կա ցեղասպանության բոլոր մասնագետների կողմից ճանաչված փաստը, որը ճանաչել են նաեւ աշխարհի շատ երկրներ: Սակայն ներկա պայմաններում մենք դա որպես նախապայման չենք առաջադրում թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու համար»,-հայտարարել է ՀՀ նախագահը` հավելելով, որ Հայաստանը պետք է նայի դեպի ապագան, սակայն նա իրավունք չունի մոռանալ անցյալը:--