1 սեպտեմբերի 2009 - 16:50 AMT
Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշում բարձրացել է մեկ հորիզոնականով
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի առաջատար շախմատիստների վարկանիշային ցուցակը 2009թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2773 վարկանիշով բարձրացել է մեկ հորիզոնականով` 4-րդից 3-րդ տեղ:

Նման առաջընթացը պայմանավորված է համաշխարհային հրապարակում գրոսմայստերի վերջին հաջողություններով, մասնավորապես` արագ շախմատի աշխարհի առաջնությանը եւ Գրան-պրի ՖԻԴԵ մի շարք պարտիաներում տարած հաղթանակներով:

Ի տարբերություն Արոնյանի, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդից չորրորդ հորիզոնական է իջել:

Լավագույն տասնյակի մեջ է մտել Վասիլի Իվանչուկը, որը հաղթանակ տարավ Գրան-պրի ՖԻԴԵ-ի` վերջերս Ջերմուկում ավարտված 5-րդ փուլում: Իսկ 10 լավագույն շախմատիստների շարքը լքել է Դմիտրի Յակովենկոն, որը 5-րդից 11-րդ հորիզոնական է իջել:

Եւս մեկ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը բումերանգի նմանությամբ 25-րդ տեղից վերադարձել է 34-րդ: Նման հետընթացը պայմանավորված է Հակոբյանի անհաջող ելույթներով Գրան-պրի ՖԻԴԵ-ի 5-րդ փուլում, որտեղ նա 11-12-րդ տեղերը կիսեց Դմիտրի Յակովենկոյի հետ:

Առաջընթաց ունեն նաեւ հայ գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը ու Արման Փաշիկյանը, որոնցից առաջինը 64-ից 54-րդ հորիզոնական է բարձրացել, երկրորդը` 80-ից 70-րդ:

ՖԻԴԵ-ի վարկանիշով շախմատիստների լավագույն տասնյակը 2009թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ`

1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - 2813
2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 2788
3. Լեւոն Արոնյան (Հայաստան) - 2773
4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - 2772
5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - 2772
6. Պետեր Լեկո (Հունգարիա) - 2762
7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) - 2757
8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 2756
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 2756
10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 2663

54. Գաբրիել Սարգսյան (Հայաստան) - 2678
70. Արման Փաշիկյան (Հայաստան) - 2663