3 սեպտեմբերի 2009 - 16:02 AMT
Հայաստանում առաջին անգամ կկայանա Միշել Լեգրանի մենահամերգը
Սեպտեմբերի 12-ին Երեւան կժամանի ֆրանսիական հռչակավոր երգահան Միշել Լեգրանը, որը ծննդավայրում կտա իր առաջին մենահամերգը: Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում սեպտեմբերի 15-ին կկայանա համերգ, որտեղ հեղինակին կնվագակցի Պետական երիտասարդական կամերային նվագախումբը: Հայաստան իր նախկին այցելությունների ժամանակ Միշել Լեգրանը ելույթներ էր ունենում բացարձակապես հավաքային համերգերին:

Համերգի կազմակերպիչներն են` Հայաստանի Մշակույթի նախարարությունը` համատեղ City Lights Productions-ի հետ, որը գլխավորում է հայտնի հայկական ջազմեն Լեւոն Մալխասյանը:

«Միշել Լեգրանն, անկասկած, համաշխարհային երաժշտւթյան մեծություններից է, որն իր ստեղծագործություններով մեծ ազդեցություն թողեց շատ երաժիշտների վրա, այդ թվում նաեւ իմ: Նա ինքն է վարելու համերգը, նվագակցելու եւ հնարավոր է, որ երգի: Մի խոսքով `մարդ-նվագախումբ»,- ասաց Մալխասյանը:

Նա ավելացրեց նաեւ, որ համերգին երեւանյան հանդիսատեսը հնարավոր է` լսի Լեգրանի հայտնի մեղեդիների կատարումը նաեւ ջազային ստանդարտներ եւ ձայնային հորինվածքներ: Երգահանը Հայաստան է ժամանելու Քրիստիան Լեգրանի (վոկալ) եւ Քեթրին Միշելի(տավիղ) հետ:

Հայտնի գործիքավորող, դիրիժոր եւ դաշնակահար Միշել Լեգրանը ծնվել է Փարիզում 1932թ.: Նրա հայրը` Ռայմոնդ Լեգրանը, ֆրանսիական երգահան ու դերասան էր, մայրը` ազգությամբ հայ դաշնակահար Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանն էր: Առաջին երաժշտական փորձը Լեգրանը ստացավ հորից: 11 տարեկանում նա ընդունվեց Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտելուց հետո տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մեղեդիներ էր գրում ֆիլմերի համար` «Շերբուրգյան անձրեւանոցները», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հանրահայտ դաշնակահարներ Օսկար Փիթերսոնը, Կաունթ Բեյսը, Չառլի Պարկերը: Միշել Լեգրանը «Գրեմիի» հնգակի եւ «Օսկարի» եռակի մրցանակակիր է: