3 սեպտեմբերի 2009 - 21:23 AMT
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջիկա 2 ամիսներին իրատեսական չէ
Հայ-թուրքական փոխհարաբերություններում կատարվեց այն, ինչ պետք է տեղի ունենար: Սկսվում է երկխոսություն, ինչը դրական երեւույթ է: Այդ մասին Ստեփանակերտում PanARMENIAN.Net-ին թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

«Ես վստահ եմ, որ մենք հստակ հասկանում ենք, թե ինչ քայլի ենք դիմում եւ դա խելամիտ քայլ է: Հայաստանին, անկասկած, հարկավոր է Թուրքիայի հետ բաց սահմանը: Ինչ վերաբերում է որոշ ուժերի հայտարարությանը, որոնք խոսում են այդ գործընթացի վտանգների մասին, ապա ցանկանում եմ ասել, որ հայկական կողմը չի գնա այնպիսի փաստաթղթի ստորագրման, որն անբարենպաստ կլինի մեզ համար»,-ասել է Սմբատյանը: Նրա խոսքերով, գործընթացը նոր է սկսվել, եւ երբ գա վերջնական փուլի եւ որոշում կայացնելու ժամանակը, հանրության կարծիքը հաշվի կառնվի:

«Ես վստահ չեմ, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն 2 ամսվա ընթացքում: Դա իրական չէ, քանի որ այդ գործընթացը բավականին լուրջ է եւ հայտնի չէ, թե որքան կարող է տեւել»,-ասել է Սմբատյանը:

Անդրադառնալով հնարավոր փոփոխություններին հայ-թուրքական հարաբերություններում, ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է, որ ինքը չի հավատում, որ այդ հարաբերությունները մեծ փոփոխություններ են կրել: «Մենք կարողացանք հասնել նրան, որ գերտերությունները սկսեցին ճնշում գործադրել Թուրքիայի վրա եւ հասկացնել տվին, որ հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ անհրաժեշտ է միջազգային գործընթացների տեսակետից»,-ասել է Սմբատյանը: