4 սեպտեմբերի 2009 - 17:44 AMT
Արձանագրություններում չկա ոչինչ, ինչը կհակասեր հայ ժողովրդի շահերին
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չի ստորագրվել ոչ մի նոր փաստաթուղթ, իսկ այդ Արձանագրությունները պատրաստ էին դեռ ապրիլ ամսից, սակայն միայն հիմա են հրապարակվել»,- սեպտեմբերի 3-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Սահակյանի խոսքերով, որոշ քաղաքական ուժեր այս փաստաթղթերի մեջ փորձում են գտնել այնպիսի կետեր, որոնք իբրեւ թե հակասում են հայ ժողովրդի շահերին, «սակայն դա ժամանակի զուր կորուստ է եւ չարժե մեղադրել Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն այն բանի մեջ, ինչը նա չի գործել»: «Փաստաթղթերում չի հիշատակվում Հայոց ցեղասպանությունը եւ Ղարաբաղի խնդիրը, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը բարելավում է իր հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների»,- ընդգծեց Սահակյանը:

Գալուստ Սահակյանը նշեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը Եվրախորհրդի պահանջն է, որին Հայաստանը չի հակառակվում եւ առաջարկում է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել: «Հայոց ցեղասպանության հարցի եւ ԼՂՀ խնդրի քննարկումը նախաձեռնված է այն ուժերի կողմից, որոնք չունեն ասելիք եւ ուղղակի ցանկանում են քաղաքական դաշտում իրարանցում ստեղծել»,- ընդգծեց Սահակյանը: