5 սեպտեմբերի 2009 - 10:51 AMT
Ուլլի Վեգներ. Արթուրի հարվածից հետո նրա մրցակիցները խնդիրներ կունենան
Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգները, որն, ինչպես եւ իր սանը, անհամբեր սպասում է Աբրահամի առաջիկա հանդիպմանը ամերիկացի Ջերմեյն Թեյլորի հետ «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում, հայտարարել է, որ Արթուրը ֆավորիտ է համարվում Թեյլորի դեմ առաջիկա մենամարտում:

«Այս մրցաշարը առանձնահատուկ է Արթուրի համար: Նա կհանդիպի աշխարհի լավագույն բռնցքամարտիկների հետ: Սակայն ինձ համար Աբրահամը ֆավորիտ է: Ես շատ եմ կարդացել այն մասին, որ իմ սանը իր չափերով զիջում է մրցակիցներին: Սակայն ռինգում դա ոչ մի նշանակություն չունի: Արթուրի հարվածից հետո նրա բոլոր մրցակիցները խնդիրներ կունենան: Թեյլորը պետք է ավելի զգուշավոր լինի: Նա մեծ չեմպիոն է եւ լավ բռնցքամարտիկ, սակայն Արթուրը ցույց կտա իր կարողությունները նրա դեմ մենամարտում: Շատ կարեւոր է հաղթել առաջին մենամարտում: Եթե Արթուրը հաղթի, նրա առջեւ շատ մեծ հեռանկարներ կբացվեն»,-մեջբերում է Վագներին fightnews.com-ը:

Հիշեցնենք, որ Աբրահամ-Թեյլոր մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին Բեռլինի Օ2 արենայում եւ պաշտոնապես կբացի երկրորդ միջին քաշային կարգի մրցաշարը վեց բռնցքամարտիկների մասնակցությամբ: