7 սեպտեմբերի 2009 - 13:11 AMT
Հայկական ներդրումները Սիրիայում կարող են արդյունավետ լինել
Հայկական ներդրումները Սիրիայում կարող են արդյունավետ լինել, քանի որ Սիրիան կարող է ապահովել մաքսից ազատված արտահանում, գտնում է Սիրիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամ, հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Լեւոն Զաքի Ետալեանը:

Ըստ Ետալեանի, քանի որ այն ամենն, ինչ արտադրվում է Սիրիայում, հիմնականում արտահանվում է, ապա արտադրված արտադրանքի ծավալը հաշվարկվում է 322 մլն սպառողի հաշվով առանց որեւէ մաքսի: «Երբ ինձ հարցնում են, թե քանի մարդ է բնակվում Սիրիայում, ես պատասխանում եմ 322 մլն, իսկ իրականում մենք 22 մլն ենք»,-նշել է նա: Այս համատեքստում Սիրիայի Առեւտրա-արդյունաբերական պալատի տնօրենների խորհրդի անդամը նշել է, որ հայկական ներդրումները Սիրիայում կարող են արդյունավետ լինել, քանի որ հանձնաժողովն աշխատում է օրեսնդրության մեջ փոփոխություններ գրանցելու ուղղությամբ, որով նվազագույնի կհասցվեն կամ նույնիսկ կվերացվեն մաքսային տուրքերը:

Ետալեանը հավելել է, որ հայ-սիրիական հանձնաժողովը համագործակցում է տնտեսական ոլորտում: Այս առնչությամբ նա հիշեցրել է, որ վերջերս Հայաստանը Սիրիայում մասնակցեց գործարար համաժողովի եւ ցուցահանդեսի, իսկ շուտով սպասվում է սիրիական կողմի մասնակցությունը Հայաստանում կայանալիք գործարար համաժողովին եւ ցուցահանդեսին: