7 սեպտեմբերի 2009 - 13:55 AMT
ԱՄՀ-ն նշում է համաշխարհային տնտեսության վերականգնում
Համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարելու համար ձեռնարկված միջոցները պետք է դադարեցվեն միայն այն ժամանակ, երբ տնտեսական աճը կայուն դառնա, իսկ գործազրկությունը սկսի նվազել: Այդ մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն-կարգադրիչ Դոմինիկ Սթրոսս-Կանը` ելույթ ունենալով Բունդեսբանկի սեմինարում Բեռլինում:

Խոստովանելով, որ համաշխարհային տնտեսությունը, հավանաբար, դուրս է գալիս հետպատերազմյան շրջանի ամենածանր ֆինանսական ու տնտեսական ճգնաժամից, Սթրոսս-Կանը նշել է, որ աճը դանդաղ է լինելու եւ պահպանվում է առանց զբաղվածության աշխուժացման աճի վտանգը: «Ինձ մտահոգում են գործազրկության բարձր տոկոսի սոցիալ-տնտեսական հետեւանքները, որը կպահպանվի նույնիսկ ֆինանսական շուկաների եւ արտադրության կայունացումից հետո»,-ասել է նա:

Հաշվի առնելով տնտեսության աճը, նա զգուշացրել է, որ «կարգապահական մարմինները պետք է առանձնակի զգուշություն ցուցաբերեն, երբ որոշումներ են կայացնում քաղաքականության հակաճգնաժամային միջոցների դադարեցման մասին»: Նա հավելել է նաեւ, որ կառավարությունները պետք է այժմ նախապատրաստեն ճգնաժամից դուրս գալու իրենց ծրագրերը, որպեսզի կարողանան ստանալ հանրության աջակցությունն ու գործել, երբ գա հարմար պահը:

Սթրոսս-Կանը ընդգծել է, որ տնտեսական քաղաքականության միջազգային համակարգումը հակաճգնաժամային միջոցների կարեւորագույն մասն է եւ որ «ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունների համակարգումը եւս կարեւոր է լինելու: Նա նշել է, որ համաձայնեցված ու վճռական քաղաքական միջոցների շնորհիվ հաջողվեց սահմանափակել ճգնաժամի ազդեցությունը, հաղորդում է ԱՄՀ մամլո ծառայությունը: