8 սեպտեմբերի 2009 - 15:21 AMT
Ջավախքի վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանը պետք է հետեւի գործը
«Կարելի է միայն ողջունել ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը Ջավախքի վերաբերյալ, սակայն չափից շատ ոգեւորվելու հարկ եւս չկա, քանի որ յուրաքանչյուր հայտարարության պետք է հետեւի գործը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը:

Ըստ Աբրահամյանի, Ջավախքի բնակչությունը չափազանց ոգեւորված է Հայաստանի նախագահի հայտարարությամբ եւ կոնկրետ քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ: «Կարծում եմ, որ եթե այդ հայտարարությանը չհաջորդեն պաշտոնական Հայաստանի կոնկրետ գործողությունները, ապա ջավախահայերը հերթական անգամ հիասթափություն կապրեն, ինչը շատ վատ կանդրադառնա բնակչության հարաբերություններին Հայաստանի հետ»,-ասել է փորձագետը:

Սերժ Սարգսյանը վերջերս առաջարկեց, որ քայլեր ձեռնարկվեն Վրաստանում հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ շնորհելու, Հայ Առաքելական Եկեղեցու գրանցման եւ Վրաստանի տարածքում հայկական հուշարձանների պահպանության ուղղությամբ, ինչը միայն կնպաստի հայ-վրացական բարեկամության ամրապնդմանն ու փոխվստահության խորացմանը: