8 սեպտեմբերի 2009 - 20:46 AMT
Հայաստանի տրանսպորտի նախարարը ծանոթացել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում ճանապարհների ընթացող շինարարությանը
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին աշխատանքային այցով եղավ Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում եւ տեղում ծանոթացավ իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերին, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, մասնավորապես, Սեւան-Մարտունի միջպետական ճանապարհի Լճաշեն գյուղի հատվածում Սեւանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց մոտ 2 կիլոմետրանոց ճանապարհը վնասվել է եւ մնացել ջրի տակ: Մոտ մեկ ամիս է, համապատասխան նախագծերի հիման վրա, իրականացվում են շինարարական աշխատանքներ: Նախարարը տեղեկացրեց, որ միջպետական ճանապարհի այդ հատվածը նախատեսվում է բարձրացնել մոտ 3 մետրով: Շինաշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել հաջորդ տարի ամռանը, իրականացվում են պետբյուջեի միջոցներով: Գ.Սարգսյանը հայտնեց նաեւ, որ այս նախագիծն անցել է համապատասխան բնապահպանական փորձաքննություն: Ըստ նախարարի, Սեւանա լճի երեք տարբեր հատվածներում եւս կիրականացվեն ափապահպան միջոցառումներ:

Այնուհետեւ նախարար Գ.Սարգսյանը եղավ Տավուշի մարզում, ուր կառուցվում է սելավի հետեւանքով գրեթե ամբողջությամբ վնասված Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի` 11 կիլոմետրանոց սողանքային հատվածը շրջանցող նոր ճանապարհ: Նախարարը նշեց, որ 1,3 կմ նոր ճանապարհատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, մինչեւ տարեվերջ կառուցված կլինի խճային պաստառը, որից հետո այն երթեւեկելի կլինի, իսկ հաջորդ տարի կշարունակվեն նաեւ ասֆալտապատման աշխատանքները: Գ.Սարգսյանը տեղեկացրեց, որ այս ճանապարհը լինելու է հիմնական, քանի որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ հատվածում սողանքներ չկան: