8 սեպտեմբերի 2009 - 21:15 AMT
Ընտրվել է Երեւանի ավագանու մշտական հանձնաժողովների ղեկավար կազմը
Սեպտեմբերի 8-ին Երեւանի ավագանին ընտրեց մշտական հանձնաժողովների նախագահներին եւ փոխնախագահներին` բացառությամբ մեկ հանձնաժողովի նախագահի եւ փոխնախագահի: Այդ պաշտոնները թափուր են մնացել օրենքով սահմանված կարգով` պայմանավորված ՀԱԿ-ի ավագանու նիստերին չմասնակցելով` ավագանու մանդատը ստանձնած եւ իր լիազորությունները չիրականացնող քաղաքական միավորի բացակայությամբ:

Երեւան քաղաքի ավագանու սեպտեմբերի 8-ի նիստում գրեթե միաձայն ընտրվել են 4 մշտական հանձնաժողովների երեք նախագահներն ու փոխնախագահները:

Ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նաիրա Նահապետյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից, իսկ փոխնախագահ` Պողոս Փլավչյանը` Բարգավաճ Հայաստան կուսակցությունից: Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ենոք Ազարյանը` ՀՀԿ-ից, ով կհամատեղի նաեւ փոխնախագահի պաշտոնը, որը թափուր է:

Առողջապահության, սոցիալական, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արման Վարդանյանը` ԲՀԿ-ից, իսկ փոխնախագահ` Աննա Ասատրյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից:

Քաղաքաշինության, հողօգտագործման եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել Հրաչ Պողոսյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից, վերջինս նաեւ կհամատեղի նախագահի պաշտոնը, որը եւս թափուր է:

«Բեղմնավոր եւ տքնաջան աշխատանք է ակնկալվում ոչ միայն հանձնաժողովների նախագահներից եւ փոխնախագահներից, այլեւ անդամներից: Ձեր աշխատանքով պետք է նպաստեք Երեւանի քաղաքապետարանին եւ ընդառաջ գնաք երեւանցուն. հիշեք, որ դուք ընտրվել եք բնակչին ծառայելու համար»,- շնորհավորելով հանձնաժողովների նորընտիր ղեկավար կազմին` իր ելույթում ընդգծել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: