8 սեպտեմբերի 2009 - 22:05 AMT
Synopsys-ի ավանդական շաբաթը Հայաստանում կանցնի սեպտեմբերի վերջին
Ավանդական դարձած Synopsys-ի շաբաթը Հայաստանում կանցնի սեպտեմբերի վերջին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հայտնեց Synopsys -Հայաստան-ի մամլո քարտուղար Գայանե Մարկոսյանը:

Ինչպես նշեց մամլո քարտուղարը, Synopsys-ի շաբաթը կանոնավոր անցկացվում է Հայաստանում ընկերության գործունեությունը եւ նախորդ տարվա կատարած աշխատանքի արդյունքները հայ հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Գայանե Մարկոսյանի խոսքերով, Synopsys-ի շաբաթվա շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց թվում, տեղի կունենա Հայաստանի նախագահի կրթական պարգեւների հանձնումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սովորող լավագույն ուսանողներին եւ աշակերտներին; ամենամյա Հայկական միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան; Synopsys-ի կրթական ծրագրի մասնակիցների շրջանավարտների արարողակարգ` Հայաստանի Պետական Ինժեներական Համալսարանի, Երեւանի Պետական Համալսարանի, Երեւանի Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողներին: Կանցկացվի նաեւ հանդիսավոր ընդունելություն օլիմպիադայի հաղթողների եւ նախագահական մրցանակի դափնեկրի պատվին: Ըստ ավանդույթի, նախատեսված է բարեգործական ակցիա:

Ինչպես նշեց Synopsys -Հայաստան-ի մամլո քարտուղարը, այս տարի նախագահական մրցանակը կհանձնվի 5-րդ անգամ: Բացի դրանից, այս տարի առաջին անգամ հիմնադրվել է «IT ոլորտում լավագույն ուսանող Սփյուռքից» անվանակարգը: Այս մրցանակաբաշխության հաղթողներին կհանձնվեն մրցանակներ, դրանից հետո կկայանա ավանդական հանդիպում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: