9 սեպտեմբերի 2009 - 11:15 AMT
Եվրամիությունը եւ Թուրքիան ընդհանուր շահեր ունեն Կովկասում
Թուրքիան եւ Եվրամիությունն ընդհանուր շահեր ունեն Կովկասի կայունության, Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ էներգահոսքերի անվտանգության հարցերում: Այս մասին հայտարարել է Եվրամիության ընդլայման հարցերով հանձնակատար Oլի Ռենը: Նրա խոսքերով, սա այն խնդիրներն են, որոնք պետք է միասին լուծվեն:

«Եվրամիության եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները կիսում են երկարաժամկետ ռազմավարական հետաքրքրությունները: Եվրամիությունը Թուրքիային միշտ ասել է, որ խոսքի եւ մամուլի ազատությունները յուրաքանչուր եվրոպական բաց եւ ժողովրդավարական հասարակության հիմնական արժեքներն են: Սա անհրաժեշտ պայման է Եվրամիությանն անդամակցելու համար: Նույն բանը նաեւ վերաբերվում է կրոնի ազատությանը, կանանց, փոքրամասնությունների եւ արհմիությունների իրավունքներին»,- ընդգծեց Ռենը:

Նա նաեւ նշեց, որ Եվրամիությունը այդ հարցերի շուրջ շարունակում է աշխատել Թուրքիայի հետ : «Առանց խոսքի ազատության նկատմամբ հարգանքի` նոբելյան մրցանակի դափնեկիր` Օրհան Փամուկը չի կարող լինել ազատ մարդ»,- ասաց հանձնակատարը` հաղորդում է Anatolian Agency-ն:

1999թ-ի դեկտեմբերին Թուրքիան դարձավ Եվրամիության անդամակցության թեկնածու: Եվրամիությունը Թուրքիայի հետ բանակցություններ սկսեց 2005թ-ի հոկտեմբերի 3-ին: