10 սեպտեմբերի 2009 - 20:37 AMT
Մտավախությունները, որ թուրքական ապրանքը կհեղեղի հայկական շուկան, տեղին չեն
«Հայ-թուրքական սահմանի բացումը կարող է Հայաստանի համար մեծ տնտեսական շահեր ապահովել»,- այսօր Երեւանում «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի նախագահ Արթուր Միսակյանի հետ համատեղ կայացած մամլո ասուլիսին հայտնել է նույն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Բիշարյանի խոսքով, մտավախությունները, որ թուրքական ապրանքը կհեղեղի հայկական շուկան, տեղին չեն, քանի որ այդ ապրանքն արդեն ներկրվում է երկիր հայ ձեռնարկատերերի կողմից եւ ոչ մի բացասական բան տեղի չի ունենում:

Լրացնելով շոշափվող թեման` Արթուր Միսակյանը նշել է, որ սահմանի բացման դեպքում Հայաստանը օժտված է բացասական հետեւանքներից սեփական արտադրողների պաշտպանության մեխանիզմներով: Նա նաեւ նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Հայաստանի արտադրական պոտենցիալի բարելավմանն ու հայկական ապրանքն այնպիսի մեծ շուկա կմտնի, ինչպիսին Թուրքիան է:

«Սահմանի բացումից հետո Հայաստանն արտաքին ներդրումների համար պակաս ռիսկի գոտի կդառնա, ինչը խթան կծառայի ՀՀ-ում ավելի շատ ներդրումային նախագծերի համար»,- ընդգծել է Միսակյանը: