11 սեպտեմբերի 2009 - 14:58 AMT
Հայաստանը ակտիվորեն պատրաստվում է մասնակցել «Շանհայ Էքսպո`2010» ցուցահանդեսին
Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռնարկատերների միությունը Առեւտրա-արդյունաբերական պալատի եւ Հայաստանի զարգացման գործակալության հետ համատեղ պատրաստվում է մասնակցել «Շանհայ Էքսպո`2010» ցուցահանդեսին: Այս մասին ուրբաթ օրը մամլո ասուլիսում հայտնել է Միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա խոսքերով, ցուցահանդեսին մասնակցելու համար արդեն ներկայացվել է շուրջ 20-25 հայտ տարբեր ընկերություններից եւ պատրաստության աշխատանքները անցնում են շատ աշխույժ, քանի որ, ցուցահանդեսին սպասվում է Հայաստանի վարչապետի այցը:

Ղազարյանն ասաց, որ կազմակերպչական աշխատանքների ֆինանսավորման եւ ուղեւորության համար ներգրավվում են նաեւ արտաքին ներդրումներ, որոնց չափը դեռ պարզվում է: Հայաստանը այս ցուցահանդեսին պետք է ներկայացվի ամենաշահեկան կողմից:

Հայաստանի կառավարությունը 2009թ-ի հուլիսի 2-ին հաստատեց «Շանհայ Էքսպո`2010» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի մասնակցության միջոցառումների ծրագիրը, որը կանցնի Չինաստանում` «Ծաղկուն քաղաք, ծաղկուն կյանք» նշանաբանի տակ մայիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում:

Ցուցահանդեսին կմասնակցեն 200 երկրների միջազգային կազմակերպություններ, այդ թվում նաեւ ԱՊՀ-ի անդամ երկրները:

Չինական կողմի կանխատեսումներով, ցուցահանդես կայցելի 70 մլն. մարդ, որը ցուցահանդեսների պատմության մեջ կդառնա ամենաբազմամարդը մասնակցության առումով: Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է շուրջ 570 մլն. դրամ: Այս գումարը ներառում է ցուցահանդեսի տաղավարի ձեւավորման եւ սպասարկման ծախսերը, սպասարկող անձնակազմի, նյութերի հրատարակման, հուշանվերների եւ այլ ծախսեր:

Բացի այդ միջոցառման շրջանակներում` սեպտեմբերի 21-ին կնշվի Հայաստանի Ազգային օրը: