11 սեպտեմբերի 2009 - 18:27 AMT
Մոտ օրերս ՀՅԴ-ն կներկայացնի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ փոփոխությունների փաթեթը
Մոտ օրերս ՀՅ Դաշնակցությունը կներկայացնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ փոփոխությունների փաթեթը: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: «Մենք գրեթե ավարտել ենք տեքստի վրա տարվող աշխատանքը եւ մոտակա 2-3 օրերին այն կներկայացնենք հանրությանը: Փաստաթղթոում կներկայացվեն մեր նկատողություններն ու մտավախություններն արձանագրությունների կոնկրետ կետերի վերաբերյալ»,- հաղորդել է ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Աղվան Վարդանյանն ընդգծել է այդ երկու փաստաթղթերի կոնկրետ դրույթների շուրջ քննարկումների անցկացման կարեւորությունը: «Մեր նպատակն է` կանխել գոյություն ունեցող սպառնալիքները: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք ընդհանրապես հնարավոր է որեւէ փոփոխություններ ներմուծել այդ փաստաթղթերի մեջ, թե ոչ»,- հայտնել է նա: Աղվան Վարդանյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում ոչ մի դեպքում չի քվեարկի Արձանագրությունների ընդունման կողմից, եթե դրանք անփոփոխ մնան: