11 սեպտեմբերի 2009 - 22:20 AMT
«Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա տրամադրելու հարցը օդում կախված մնաց
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Հանրային ծառայության մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
«Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը քննարկման ներկայացրեց իր եւ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հեղինակած «ԵԽԽՎ «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործառույթը» թիվ 1677 բանաձեւում հեռարձակման արտոնագրերի բաց, արդարացի եւ թափանցիկ մրցույթի անցկացման, «Ա1+» հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա չտրամադրելու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը ի կատար ածելու կապակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարելուն ուղղված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը, ինչի վերաբերյալ հանձնաժողովը որոշեց դրական եզրակացություն չներկայացնել խորհրդարանին:
Կառավարության հեղինակած «Նույնականացման քարտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին», «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին», «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանն անդրադարձավ օրինագծերի ընդունման անհրաժեշտությանը, կարգավորման հարաբերությունների ներկա վիճակին եւ խնդիրների լուծման համար առաջարկվող մեխանիզմներին: Հանձնաժողովը քննարկված օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն ներկայացրեց` աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Ներկայացվեցին «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը օրենսդրական փաթեթներըը:
Հանձնաժողովը քննարկված չորս օրինագծերի վերաբերյալ էլ դրական եզրակացություն տվեց` աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: