15 սեպտեմբերի 2009 - 21:10 AMT
Մինչեւ 2009 թվականի վերջ դրամային վարկերի տոկոսադրույքների իջեցում չի նախատեսվում
Մինչեւ 2009 թվականի վերջ դրամային վարկերի տոկոսադրույքների իջեցում չի նախատեսվում: Այդպիսի կարծիք PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: «Հայաստանի քաղաքացիները պետք է վերանայեն իրենց վստահությունը դրամի նկատմամբ, եւ միայն այդ ժամանակ կարելի կլինի խոսել վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին», - ասել է նա: Սլեյթերն ավելացրել է, որ «հարկավոր է դրամային եւ դոլարային վարկերի տոկոսադրույքների մեծ տարբերության» քաղաքականություն իրականացնել, մասնավորապես, դոլարային վարկերի տոկոսադրույքի իջեցումն ու դրամային վարկերի տոկոսադրույքների մեծացումը, որի արդյունքում վարկատուները կվերանայեն իրենց դիրքորոշումն ու «կհասկանան, որ արդեն ժամանակն է աշխատել այդ տարբերության վրա»:

«Բանկերը կմեղմացնեն ռիսկերի գնահատման գործընթացը, եթե ռիսկերը նվազեն», - ասել է նա` մեկնաբանելով հայկական բանկերի վարկեր տրամադրելուց «խուսափելը»: «Շատ շուկաներ արդեն սկսել են վերադառնալ իրենց նախկին գործընթացներին, մասնավորապես, վարկային քարտերի շուկայում ակտիվացում է նկատվում, վարկավորման ակտիվացման հաջորդ փուլը կվերաբերի հիփոթեքային շուկային, որտեղ կդիտվի անշարժ գույքի շուկայի ակտիվացում, ընդ որում, ավտովարկավորումը կլինի վերջին տեղում, որտեղ մենք կդիտարկենք ռիսկերի գնահատման թուլացում», - պարզաբանել է նա:

Ինչ վերաբերում է բանկի դրամային եւ դոլարային դեպոզիտների հարաբերակցությանը, ապա այդ առնչությամբ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը հաղորդել է, որ տվյալ պահին այդ հարաբերակցությունը կազմում է 20 տոկոս` դրամայինը, եւ 80 տոկոս դոլարայինը, եւ այն մեծացել է 5 տոկոսով ընթացիկ տարվա մարտ-ապրիլ ամիսների համեմատությամբ: