15 սեպտեմբերի 2009 - 21:50 AMT
Ադրբեջանին կարող են երեք տարով զրկել Եվրատեսիլ մրցույթին մասնակցելու իրավունքից
Եվրատեսիլ երգի մրցույթի մրցավարային խմբի անդամները սեպտեմբերի 11-ին հավաքվեցին Օսլոյում, որպեսզի որոշում ընդունեն Եվրատեսիլ 2009 մրցույթին հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին քվեարկած ադրբեջանցի քաղաքացիներին հարցաքննության ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է մրցույթի գործադիր տնօրեն Սվանտե Սոկսելիուսը: Նրա խոսքով, խմբի որոշումը կուղարկվի Եվրոպական հեռարձակման միության հեռուստատեսային կոմիտե, որը մոտակա օրերին կհրապարակի վերջնական որոշումը: Ինչպես նշեկ է Սվանտե Սոկսելիուսը, Ադրբեջանին առաջադրված մեղադրանքները կհանվեն կամ էլ նրան կմեղադրեն մրցույթի կանոնները խախտելու մեջ եւ երեք տարով կզրկեն մասնակցության իրավունքից:

Եվրատեսիլի մրցավարային խմբի մեջ մտնում են պատվիրակներ Ռուսաստանից, Սերբիայից, Նորվեգիայից, Իսպանիայից, Հոլանդիայից, Իռլանդիայից եւ 2 ներկայացուցիչ Շվեդիայից, հաղորդում է Radio Free Europe-ը:

Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության է կանչել 43 քաղաքացիների, ովքեր Եվրատեսիլ 2009 մրցույթին քվեարկել էին հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների օգտին: Ադրբեջանի պաշտոնական անձինք հերքում են այդ փաստը: