16 սեպտեմբերի 2009 - 23:24 AMT
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կհամագործակցի «Կասպերսկու Լաբորատորիայի» հետ
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց «Կասպերսկու Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու եւ «Սոֆթ Լայն» ընկերության գլխավոր տնօրեն Ռուսլան Բելոուսովի գլխավորած պատվիրակություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները Հայաստանում եւ Կասպերսկու Լաբորատորիայի հետ համատեղ իրականացվելիք աշխատանքները:

Նախարարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ Կասպերսկու Լաբորատորիայի` կրթության ոլորտում իրականացրած ծրագրերը, որոնք հայտնի են աշխարհում եւ բավականին արդյունավետ են, տարածում են ստացել նաեւ Հայաստանում: «21-րդ դարում համակարգչային գիտելիքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետումը ոչ թե մասնագիտական բնույթի պետք է լինի, այլ համատարած, համընդհանուր եւ հասարակության մեջ առանձնահատուկ ուշադրության արժանանա»,-նշեց Ա. Աշոտյանը: Հասարակության համակարգչային գիտելիքների բարձրացման խնդիրը պետք է դրվի հանրակրթական դպրոցից, եւ նախարարությունն այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում է խոշոր բիզնես կառույցների, մասնավորապես Մայքրոսոֆթ ընկերության եւ այլ կազմակերպությունների հետ եւ պատրաստ է նույն մեխանիզմներով աշխատել նաեւ ապագայում այլ կառույցների հետ, եթե, իհարկե, այդ ամենը բիզնեսի սոցիալական պատասխանատվության շրջանակում է:

Եվգենի Կասպերսկին ներկայացրեց, որ ընկերության գործունեությունը հիմնականում երեք ուղղությամբ է` բիզնես, ուսուցում եւ տեղեկատվական անվտանգություն: Վերջինիս հետ կապված` ընկերությունը համագործակցում է աշխարհի տարբեր երկրների հետ: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում հիմնական գործընկերը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն է, որի հետ իրականացվում են համատեղ ծրագրեր: Նշվեց, որ հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում կիրականացվեն նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անվտանգության հարցերի վերաբերյալ դասընթացներ, կկազմակերպվեն սեմինարներ, կոնֆերանսներ եւ մրցույթներ:

«Համակարգչային գիտելիքների, տեղեկատվական անվտանգության բարձրացման տեսանկյունից ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ են տալիս ավելի հաստատ նայել ապագային: Համապատասխան առաջարկությունների դեպքում նախարարությունը պատրաստ է հանրակրթական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացնել ներկայացված կրթական ծրագրերի փաթեթները, եթե դրանք, իհարկե, համապատասխանում են մեր կրթական չափորոշիչներին»,- հավաստիացրեց նախարարը:

Հանդիպման ավարտին քննարկվեցին նաեւ արտոնագրված հակավիրուսային պաշտպանության միջոցների ներդրմանը , «Սոֆթ Լայն» ընկերության գործունեությանը եւ ուսումնական նոր ծրագրերին վերաբերող հարցեր: