17 սեպտեմբերի 2009 - 00:04 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի Արձանագրությունների վավերացման առնչությամբ խորհրդարանական լսումներին
Հայաստանի խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի այն հարցին, թե արդյոք ԱԳՆ ղեկավարը ծանոթ է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններում Դաշնակցության առաջարկած փոփոխություններին, հաստատել է Արձանագրությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին մասնակցելու իր պատրաստակամությունը:

Նալբանդյանն ընդգծել է, որ ինքն արդեն ծանոթացել է Դաշնակցության առաջարկություններին: «Հայաստանն ու Թուրքիան արդեն բանակցություններ են վարել Արձանագրությունների կազման շուրջ, եւ տարօրինակ կլինի, եթե հայկական կողմը, այդ փաստաթղթերի նախնական ստորագրումից հետո, հանդես գա համաձայնագրերի տեքստում փոփոխություններ կատարելու առաջարկով: Մի կարծեք, որ դիվանագիտական բանակցությունները թենիսի խաղ են պատի հետ», - ասել է Նալբանդյանը:

Ինչ վերաբերում է Վրաստան պատգամավոր Շիրակ Թորոսյանին մուտք գործել չթույլատրելուն, նախարարը նշել է, որ այդ հարցը գտնվում է վրացական կողմի հետ քննարկման գործընթացում, եւ Վրաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ այդ խնդիրը: «Ես չեմ կարծում, որ կա մի հարց, որը մենք չենք կարող լուծել Վրաստանի հետ բանակցությունների ճանապարհով», - ընդգծել է նա: