17 սեպտեմբերի 2009 - 00:14 AMT
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կարող են հանդիպել հոկտեմբերի 10-ին Քիշնեւում
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Նյու Յորքում կայանալիք Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Քիշնեւում կայանալիք հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ: Ըստ ռուս միջնորդ Յուրի Մերզլյակովի, նախագահները սկզբունքային համաձայնություն են տվել այդ հանդիպմանը, սակայն վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, երբ Քիշնեւում կանցնի ԱՊՀ երկրների գագաթնաժողովը: