17 սեպտեմբերի 2009 - 13:15 AMT
Հրանտ Դինքի անվան մրցանակ ստացել են թուրք եւ իսրայելացի լրագրողներ
Ստամբուլում կայացել է Հրանտ Դինքի անվան մրցանակի ամենամյա հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակի արժանացել են թուրքական Taraf թերթի լրագրող Ալփեր Գորմուշը եւ իսրայելացի լրագրող Ամիր Հասինը: Ինչպես գրում է Taraf թերթը, արարողության ժամանակ ելույթ են ունեցել Հրանտ Դինքի հիմնադրամի մրցանակների գծով կոմիտեի նախագահ Ալի Բայրամօղլուն եւ Հիմնադրամի ղեկավար Ռաքել Դինքը:

Միջոցառմանը ներկա էին պետնախարար, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գծով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը, Քրդական ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Աքեն Բիրդալը, ԵՄ ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, որոնց թվում հայտնի ջազ-ֆոլկ երաժիշտ Արտո Թունջբոյաջանը, որը ելույթ է ունեցել «Եղբայր թուրքեր» խմբի հետ:

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում ազգայնական Օգյուն Սամաստի կողմից: Անցյալ տարի մրցանակը հանձնվել էր հրատարակիչ եւ հրապարակախոս Ռագիփ Զարաքոլուն: