17 սեպտեմբերի 2009 - 19:31 AMT
Սերժ Սարգսյանն ամեն դեպքում մեկնելու՞ է Թուրքիա
Հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվելու են հոկտեմբերի 13-ին երկու երկրների արտգործնախարարների կողմից: Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինի խոսքով, Արձանագրություններն իսկապես կարող են ստորագրվել ֆուտբոլային հանդիպումից առաջ, որը կկայանա Բուրսայում հոկտեմբերի 14-ին, հաղորդում է AFP-ն:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, «Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայ-թուրքական Արձանագրությունների հետ կապված բոլոր գործողությունների մասին ճիշտ ժամանակին կհաղորդի»:

Այդ միջոցին, ինչպես հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամեն դեպքում մեկնելու է Թուրքիա` դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: Ավելի վաղ պետության ղեկավարը հայտարարել էր, որ չի մեկնի Թուրքիա, եթե սահմանը բաց չլինի կամ եթե բանակցություններում առաջընթաց չարձանագրվի: