17 սեպտեմբերի 2009 - 20:51 AMT
Մարտի 1-ի գործով դատավարություններին մասնակցած բոլոր անձինք ցուցարարների ճնշմանն են ենթարկվել
Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, հայտնել է, որ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դատավարությունների վրա մեծապես ազդել են անցկացված ցույցերն այն դատարանների շենքերի դիմաց, որտեղ ընթանում էին դատական լսումները:

«Դատավարության բոլոր մասնակիցները, դատավորները, դատախազները, վկաները ճնշման զոհն են դարձել: Եթե որեւէ մեկը մեղադրյալների կողմնակիցներին դուր չեկող ցուցմունքներ էր տալիս, ապա դահլիճից նրանց հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչում»,- նշել է Նիկոյանը` ընդգծելով, որ եթե այդ ճնշումը չլիներ, ապա դատավճիռները կարող էին փոքր-ինչ այլ լինել: