18 սեպտեմբերի 2009 - 20:14 AMT
Անկարայի կողմից նյութական եւ տարածքային հատուցում պահանջելն անիրական է
Այսօր Անկարայի կողմից նյութական եւ տարածքային հատուցման մասին խոսելն անիրական է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է քաղաքագետ, Ժողովրդավարության ու համագործակցության ինստիտուտի նյույորքյան բաժնի ղեկավար Անդրանիկ Միհրանյանը: «Ստեղծվող միջկառավարական ենթահանձնաժողովի շրջանակներում կարելի է քննարկել մի շարք հարցեր: Իհարկե, Անկարան փորձելու է բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը, բայց հայկական կողմը կարող է իր հերթին բարձրացնել երկու երկրների ժողովուրդների միջեւ վստահության մթնոլորտի հաստատման վերաբերյալ քայլերի ձեռնարկման հարցը»,- նշել է Անդրանիկ Միհրանյանը:

Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, ապա, քաղաքագետի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները չեն խոչընդոտում ապագայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ տարածքային հարցերի քննարկմանը: «Ես գիտեմ, որ թուրքական կողմը ցանկանում էր, որպեսզի Արձանագրություններում հստակ ամրագրվեր այն հանգամանքը, որ Հայաստանն ու Թուրքիան միմյանց հանդեպ տարածքային պահանջներ չունեն»,- հաղորդել է նա: Խոսելով Վուդրո Վիլսոնի որոշման մասին` Անդրանիկ Միհրանյանը նկատել է, որ այդ որոշումն իրավական ուժ չունի, եւ ԱՄՆ Կոնգրեսը չի ճանաչել Վիլսոնի կողմից նշագրված Հայաստանի սահմանները: «Բացի դրանից, բազմաթիվ պայմանագրեր, օրինակ Սեւրի պայմանագիրը չեղյալ չեն հայտարարվել: Այսօր գոյություն ունեն Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը եւ որոշ առումով մենք հաստատում ենք գոյություն ունեցող պայմանագրերի գործող ուժը»,- նկատել է քաղաքագետը: Նա նաեւ ավելացրել է, որ Արձանագրությունների մեջ ներառված չեն երեք նախապայմաններ, որոնք Անկարան առաջադրում էր Հայաստանի նկատմամբ: