8 ապրիլի 2002 - 23:47 AMT
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Վաղը Երեւանում կսկսի իր աշխատանքը Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության փոխնախարարների խորհրդակցությունը: Հիշեցնենք, որ Պայմանագրի մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը: Խորհրդակցության աշխատանքին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի քարտուղար Վալերի Նիկոլայենկոն: Այսօր նա հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ: Երեւանյան հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել հարցեր, որոնք առնչվում են կոլեկտիվ անվտանգության համակարգի եւ ռազմական ղեկավարման միջպետական մարմինների միասնական ու տարածաշրջանային ձեւավորմանը եւ աշխատանքին: Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաեւ փաստաթղթերի փաթեթ, որը կներկայացվի մայիսի 14-ին Մոսկվայում կայանալիք Կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի մասնակից երկրների նախագահների հոբելյանական նստաշրջանին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: