22 սեպտեմբերի 2009 - 13:00 AMT
Սեպտեմբերի 22-ին Գարրի Կասպարովն ու Անատոլի Կարպովը կխաղան առաջին հոբելյանական պարտիան
Սեպտեմբերի 22-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում մեկնարկում է շախմատային մրցաշարը երկու նախկին աշխարհի չեմպիոններ` Անատոլի Կարպովի (աշխարհի 12-րդ չեմպիոն) եւ Գարրի Կասպարովի ((աշխարհի 13-րդ չեմպիոն) միջեւ:

25 տարի առաջ, 1984թ. Կարպովն ու Կասպարովն առաջին անգամ սկսեցին պայքարը շախմատի թագի համար:

Այն ժամանակ շուրջ 5 ամիս տեւած խաղն անարդյունք ավարտվեց` Կարպովի օգտին 5:3 հաշվով հանդիպումը դադարեցվեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի որոշմամբ: ՖԻԴԵ-ի այն ժամանակվա ղեկավար Ֆլորենսիո Կամպոմանեսը դադարեցրեց խաղը շախմատիսնտների առողջական վիճակի վերաբերյալ մտավախությունների պատճառով, թեեւ երկուսն էլ պնդում էին, որ պատրաստ են շարունակել խաղը:

1985 թվականին նոր խաղում Կասպարովը հաղթեց Կարպովին եւ դարձավ աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը` 13-11 հաշվով հաղթելով 24 պարտիայից բաղկացած խաղում:

Պաշտոնապես խաղը մեկնարկում է սեպտեմբերի 21-ին, սակայն առաջին պարտիան տեղի կունենա սեպտեմբերի 22-ին: Հին մրցակիցների սեպտեմբերի 22-25-ը կայանալիք նոր հանդիպման շրջանակներում կլինեն 4 արագ եւ 8 բլից պարտիաներ: Սեպտեմբերի 22 եւ 23-ին նրանք 2 պարտիա կխաղան յուրաքանչյուր քայլի համար 25 րոպե+5 վայրկյան հսկողությամբ, սեպտեմբերի 24-ին` բլից, յուրաքանչյուր քայլի համար 5 րոպե+2 վայրկյան հսկողությամբ:

Կարպովի հետ առաջիկա խաղին Կասպարովը պատրաստվում էր Նորվեգիայում` խաղալով երիտասարդ նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենի հետ, իսկ Կարպովը նախապատրաստման համար օգտագործել է համակարգիչը, ինչպես նաեւ խաղերը գրոսմայստերների հետ:

Հիշեցնենք, որ ընդամենը աշխարհի չեմպիոնի կոչման համար պաշտոնական խաղերում Կարպովն ու Կասպարովը հանդիպել են հինգ անգամ: Վերջին խաղը տեղի ունեցավ 1990թ. Նյու Յորքում: